Թուրքիան և Հայաստանն ավարտել են ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները․ Թուրքիայի ԱԳՆ
2026-05-13 11:02
Անկարան և Երևանը ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, որն ընթանում է 2022 թվականից, իրականացվել են վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներ։ Այս համատեքստում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար անհրաժեշտ բյուրոկրատական նախապատրաստությունները 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ համարվում են ավարտված», — նշել է դիվանագետը X սոցիալական ցանցում։
Հաղորդվում է նաև, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքներ են տարվում։
«Հաշվի առնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և բարօրություն հաստատելու պատմական հնարավորությունը՝ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ տնտեսական կապերի զարգացման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում՝ հանուն բոլոր երկրների և ժողովուրդների շահերի», — ասված է թուրք դիվանագետի մեկնաբանության մեջ։