ԱՄԷ-ի և Սիրիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան երկու անգամ՝ հարաբերությունների ջերմացման ֆոնին
2026-05-13 11:04
Արաբական Միացյալ Էմիրությունների և Սիրիայի միջև առևտուրը 2025 թվականին ավելացել է ավելի քան երկու անգամ և ունի հետագա աճի բոլոր հեռանկարները։ Դրա մասին հայտարարել է ԱՄԷ նախարարը Դամասկոսում ներդրումային համաժողովի ժամանակ, որը երկու պետությունների արագընթաց մերձեցումը հաստատող նշանակալի իրադարձություն էր, հայտնում է Reuters-ը։
ԱՄԷ արտաքին առևտրի հարցերով պետական նախարար Թանի Ալ-Զեյյուդին, ելույթ ունենալով սիրիա-էմիրաթյան առաջին ներդրումային համաժողովում, հայտնել է, որ ԱՄԷ-ի և Սիրիայի միջև ոչ նավթային առևտրի ծավալը 2025 թվականին հասել է ռեկորդային 1,4 միլիարդ դոլարի, ինչը 132%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։ Ըստ նրա՝ նման կտրուկ թռիչքը նոր հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Երկօրյա միջոցառման ընթացքում կողմերը ձեռք են բերել մի շարք նախնական պայմանավորվածություններ տասնյակ ներդրումային նախագծերի շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, շինարարությունը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, ավիացիան և լոգիստիկան։
ԱՄԷ նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշն ապրիլին նշել էր, որ Սիրիան դասվել է այն առավել նշանավոր արաբական երկրների շարքին, որոնք «ԱՄԷ-ի նկատմամբ կառուցողական դիրքորոշում են որդեգրել»։
Սիրիան ակտիվորեն ձգտում է ներգրավել օտարերկրյա ներդրումներ՝ ավելի քան տասնամյա պատերազմից և արևմտյան պատժամիջոցներից քայքայված տնտեսությունը վերականգնելու համար. դրանց մեծ մասը հանվել է անցյալ տարեվերջին։ Անցած տարվա ընթացքում Դամասկոսը միլիարդավոր դոլարների փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Պարսից ծոցի երկրների ներդրողների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիայի և Կատարի ընկերությունները, ինչպես նաև գործարքներ է կնքել ամերիկյան կորպորացիաների հետ, ինչպիսին է Chevron-ը (խորջրյա նավթի և գազի հետախուզման համաձայնագիր)։