Հայկական մշակույթը ներկայացվում է «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնում[:]

2022-03-11 18:08

Մարտի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում  մեկնարկել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է առանձին տաղավարով։ Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական տաղավարի 12 սրահներում ցուցադրվում են հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները` սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը` ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ, այդ թվում՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն և հայկական տարազ: Փառատոնի մեկնարկին հայկական տաղավար է այցելել Շարժայի պաշտոնատար անձանց պատվիրակությունը՝ Նորին Գերազանցություն շեյխ Աբդուլլահ բին Սալեմ բին Սուլթան Ալ Քասիմիի գլխավորությամբ: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը պատվիրակությանն առանձին սրահներում հանգամանորեն ներկայացրել է հայ մշակութային ժառանգությունը: Հայկական տաղավար են այցելել նաև ԱՄԷ-ում ՀՀ գործերի հավատարմատար Կարեն Գրիգորյանը և ԱՄԷ-ի ու Կատարի թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը: Նշենք, որ ՀՀ կառավարության աջակցությամբ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու, կազմակերպական աշխատանքներ իրականացնելու և միջոցառման փակման արարողությունը համակարգելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) գործուղված հայկական պատվիրակությունը գլխավորում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Փառատոնը կտևի մինչև մարտի 28-ը: Մինչ այդ՝ մշակութային օրերի ընթացքում, հանդես կգան հայկական երգի ու պարի, ինչպես նաև նվագարանային անսամբլներ՝ հնչեցնելով հայկական ավանդական մեղեդիներ և հանդես գալով հայկական պարերի ու երգերի կատարումներով։ Միջոցառման իրականացումը կնպաստի հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, միջմշակութային երկխոսության ձեռքբերմանն ու ամրապնդմանը։ Հիշեցնենք, որ ի նպաստ հայ-արաբական բարեկամական հարաբերությունների ամրապնդման՝ դեռևս 2013 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ հիմնանորոգվել է Հաղարծնի վանքը:[:]