Հայաստանը կարող է իր տեղն ունենալ լեռնադահուկային քարտեզի վրա. «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ի հիմնադիր[:]

2023-04-14 18:24

Տասնյոթ ճոպանուղի, 105 կմ երկարությամբ սահուղիներ. այսպիսին են այս տարվա ձմռանը Հայաստանում իր առաջին ճոպանուղին գործարկած «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ի ապագա պլանները։ Համեմատության համար, ներկայում Վրաստանում ամենաերկար դահուկային սահուղիները Գուդաուրիում են՝ 70 կմ, իսկ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի «Ռոզա Խուտորի» սահուղիներն ունեն 100 կմ երկարություն։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» նախագծի հեղինակ Տիգրան Հարությունյանը, այդ մասշտաբները համալիրին թույլ կտան մրցակցել Վրաստանի եւ Ռուսաստանի լեռնադահուկային հանգստավայրերի հետ։ Գնային առումով հանգիստն այստեղ, իհարկե, ավելի մատչելի կլինի, քան Սոչիում, բայց առայժմ դժվար կլինի գնային քաղաքականությամբ մրցել Վրաստանի հետ։ «Վրաստանում բոլոր ենթակառուցվածքային ներդրումներն իրականացվել են պետության միջոցներով, այսինքն՝ բոլոր ճոպանուղիները պետական են, ինչը հնարավորություն է տալիս չդիտարկել դրանք բիզնես տեսանկյունից։ Հետեւապես՝ ճոպանուղու տոմսերն այնտեղ կարող են ցածր գնով վաճառվել»,- ասաց նա։ Ինչո՞ւ հենց Թեղենյաց լեռնաշղթան Տիգրան Հարությունյանի խոսքով՝ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ի տեղակայումն ընտրելու համար դիտարկվել է լեռնադահուկային հանգստավայրի համար հարմար հինգ վայր։ «Արդյունքում ընտրել ենք Թեղենյաց լեռնաշղթան։ Մեր ընտրած տեղանքի թե՛ աշխարհագրական դիրքն ու թե՛ բնակլիմայական պայմանները թույլ են տալիս կառուցել բոլոր ենթակառուցվածքներով հագեցած ամբողջական համալիր. կա ջրի հասանելիություն, տեղանքը նպաստավոր է կառուցապատման տեսանկյունից եւ մոտ է մայրաքաղաքին։ Սարի ռելիեֆը հնարավորություն է ընձեռում ունենալու ե՛ւ սեւ, ե՛ւ կարմիր, ե՛ւ կապույտ, ե՛ւ կանաչ սահուղիներ»,- բացատրեց նա։ Աշխարհում ընդունված է լեռնադահուկային սահուղիները դասակարգել ըստ դժվարության մակարդակի։ Դրանք տարբերվում են ռելիեֆով, թեքությամբ, ուղու լայնությամբ եւ այլն։ Սեւ ուղիներն ամենադժվարն են եւ նախատեսված են վարպետների համար, իսկ կանաչները՝ սկսնակների համար։ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ում անվտանգության եւ հարմարավետության համար այս տարածքները կառանձնացվեն միմյանցից՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Մյուս առավելությունն այն է, որ Թեղենյաց լեռներում ձմեռային սեզոնն ավելի վաղ է սկսվում, քան, օրինակ, Սոչիում, եւ ցածր ջերմաստիճանը հնարավորություն է տալիս բնական ձնածածկի բացակայության դեպքում ուղիները ծածկել արհեստական ձյունով։ Առավելություն է նաեւ հանգստավայրի մոտ լինելը «Զվարթնոց» օդանավակայանին, որտեղից Եղիպատրուշ կարելի է հասնել 50 րոպեում։ «Մայլեռ» նախագծի իրականացման փուլերը Տիգրան Հարությունյանի խոսքով՝ նախագիծը պայմանականորեն բաժանված է երկու փուլի։ Առաջին փուլում՝ մինչեւ 2025 թ․, նախատեսվում է կառուցել չորս ճոպանուղի եւ հինգ, այսպես կոչված, «կախարդական գորգ»՝ ժապավենային շարժասանդուղքներ՝ ամենափոքր դահուկորդների համար՝ սկսած 2-3 տարեկանից։ Լեռնադահուկային ուղիների ընդհանուր երկարությունը կկազմի 30 կմ, ինչը հնարավորություն կտա միաժամանակ ընդունել 5500 լեռնադահուկորդի։ Կկառուցվեն հյուրանոցներ եւ ռեստորաններ, ինչպես նաեւ լեռնադահուկային մարզադպրոց։ Երկրորդ փուլում (ամբողջ նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 15 տարում) ճոպանուղիների թիվը կհասնի 17-ի, ինչը հնարավորություն կտա ամբողջությամբ օգտագործել Թեղենյաց լեռնաշղթան, իսկ լեռնադահուկային ուղիների մի մասն ուղղել դեպի Աղվերան հանգստավայր։ Աղվերանի հյուրանոցներից մինչեւ լեռնադահուկային վերելակներ ավտոբուսներ կգործեն։ Դահուկային ուղիների ընդհանուր երկարությունը կկազմի 105 կմ, ինչը, ըստ նախագծի հիմնադրի, հնարավորություն կտա դահուկորդների շատ մեծ հոսք ներգրավել։ Գործելու են տարբեր տիպի ժամանակակից լուծումներով արագընթաց ճոպանուղիներ։ Արդեն գործարկված ճոպանուղին նստատեղային է եւ ունի իջնող ծածկ՝ քամուց եւ ձյունից պաշտպանվելու համար, ինչը նորություն է Հայաստանում։ Կլինեն նաեւ գոնդոլային տիպի ճոպանուղիներ, որոնք լիովին կպաշտպանեն քամուց: Հանգստի գոտում կկառուցվի ռոդելբան՝ աշխարհում շատ հայտնի ատրակցիոն, ամերիկյան բլուրների նման՝ կոնստրուկցիաների փոխարեն բնական լեռնային ռելիեֆի օգտագործմամբ: Տիգրան Հարությունյանը հավելում է․ «Առաջիկա երկու տարիների ընթացքում կլինեն միայն ձմեռային ակտիվություններ։ Սակայն հաջորդ տարիներին ունենալու ենք նաև ամառային ատրակցիոններ՝ ուղիներ լեռնային հեծանվավազքի համար, տարբեր ուղիներ արշավների համար, մանկական ակտիվություններ՝ ձիարշավարան, ճամբար եւ այլն։ Իսկ Ապարանի ջրամբարի շնորհիվ կունենանք նաև ջրային տարբեր ատրակցիոններ»։ Հարցի գինը Ծրագրի առաջին փուլն իրականացնելու համար նախատեսվում է կատարել 30 միլիարդ դրամի ներդրում, որից 10 միլիարդն արդեն ներդրվել է։ Եւս 20 միլիարդ դրամի ներդրում նախատեսվում է երկրորդ փուլում։ Ներդրողները «Մայլեռ Մաունթին» ընկերության հիմնադիրներն են, այդ թվում՝ «Միկշին» ընկերությունը (Երեւանի «Երազ» թաղամասի կառուցապատողը), որի հիմնադիրը Տիգրան Հարությունյանն է։ «Ներդրողը մեր կազմակերպություններն են, սակայն մեր ներդրումները չեն նախատեսում հյուրանոցային բազան, դրա համար նախատեսվում է ներգրավել այլ բիզնեսմենների։ Մեր կազմակերպությունը ներդրում է կատարում հիմնականում ենթակառուցվածքների մեջ, ստեղծում ենք հասկանալի միջավայր բիզնես ներդրումների համար։ Առաջին փուլի ավարտից հետո հնարավոր կլինի ներգրավել նաև միջազգային ներդրողների»,- ասաց Տիգրան Հարությունյանը։ Նախատեսվում է ներդրումները վերադարձնել 10 տարում։ Լեռնադահուկային դպրոց Դպրոցը ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից է։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանում դահուկորդները կազմում են ընդհանուր բնակչության մոտ 1-2%-ը, մինչդեռ զարգացած լեռնադահուկային երկրներում այն հասնում է 14%-ի։ Նախագիծը կնպաստի նաև սպորտի մասսայականացմանը, տվյալ սպորտաձևի հանդեպ հետաքրքրության մեծացմանը։ Դպրոցի հիմնական տրամաբանությունն այն է, որ սկսնակ դահուկորդները սովորեն սահել պրոֆեսիոնալ հրահանգիչների հսկողության ներքո՝ արագ եւ ապահով, այլ ոչ թե զբաղվեն ինքնագործունեությամբ, որը հղի է վտանգներով (վնասվածքներ կարող են ստանալ): Ենթադրվում է, որ դպրոցը բազա կլինի նաեւ լեռնադահուկային սպորտի մարզիկների պատրաստման համար։ «Դպրոցը լինելու է վճարովի, բայց մենք կիարականացնենք հատուկ ծրագրեր տարածաշրջանի դպրոցականների համար։  Աշխարհում կան նմանատիպ նախաձեռնություններ, օրինակ, այսպես կոչված «սպիտակ շաբաթները»։  Պետական ծրագրով տարվա մեջ մեկ շաբաթով դպրոցականները «գործուղվում են» լեռնադահուկային համալիրներ եւ մասնակցում սահելու դասընթացների։ Մենք եւս կփորձենք նմանատիպ ծրագիր ներդնել։ Կսկսենք տարածաշրջանային դպրոցներից, կհոգանք սահուղիներից օգտվելու երեխաների ծախսերը, կօգնենք նաեւ հրահանգիչների հարցում»,- պատմեց Տիգրան Հարությունյանը։ Նա հավելեց, որ դպրոցի գաղափարը ծնվել է նաեւ այն պատճառով, որ Հայաստան եկող զբոսաշրջիկները դահուկով սահել սովորելու ցանկության դեպքում չգիտեն ում դիմել, որտեղ գտնել օտար լեզուների իմացությամբ պրոֆեսիոնալ հրահանգիչ։ Որտեղի՞ց սպասել զբոսաշրջիկների Տիգրան Հարությունյանի խոսքով՝ զբոսաշրջիկների ակնկալում են հյուրընկալել տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Քանի որ այսօր ռուսաստանցի դահուկորդների համար Եվրոպա մեկնելու հնարավորությունն օրեցօր նվազում է, եւ նրանք այնքան էլ մեծ ընտրություն չունեն, թե որտեղ գնալ սահելու։ Բացի դրանից, լեռնադահուկորդները ոչ միայն սուր, այլեւ նոր զգացողությունների սիրահարներ են, եւ նրանք պատրաստակամորեն ընդունում են նոր առաջարկները: «Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված ռուս զբոսաշրջիկների առումով, Հայաստանն ունի առավելություն օտար լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով հաղորդակցվելու տեսանկյունից։ Եվ ընդհանուր առմամբ մեր երկիրն իրենց հայտնի է որպես լավ ուղղություն՝ ե՛ւ խոհանոցն է հաճելի, ե՛ւ մթնոլորտն է բարիդրացիական»,- ասաց նա։ Զբոսաշրջիկների ներգրավման առումով Հայաստանի համար մեկ այլ կարեւոր ուղղություն է նաև Իրանը։ Հայաստանում լեռնադահուկային սեզոնի ավարտը, ինչպես պարզաբանեց Տիգրան Հարությունյանը, համընկնում է Նովրուզի հետ, եւ իրենք նախատեսում են ամեն տարի սեզոնը եզրափակել այդ տոներով, որոնց ժամանակ Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ կայցելեն։ Ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ արաբական երկրները, որտեղ լեռնադահուկային սպորտի նկատմամբ հետաքրքրությունն անընդհատ աճում է։ Հայաստանը բավական մոտ է այս երկրներին, ուստի կարող է դիտարկվել որպես ձմեռային մարզաձեւերի կենտրոն։ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» նախագծի առանձնահատկությունները Տիգրան Հարությունյանի խոսքով՝ նախագիծն իր մասշտաբով աննախադեպ է Հայաստանում, եւ քաղաքաշինական մյուս ծրագրերից դրա ամենակարեւոր ու էական տարբերությունն այն է, որ սկզբից մինչեւ վերջ իրականացվում է մեկ կոնցեպտով։ «Սովորաբար քաղաքաշինական ծրագրերն ընդգրկվում են արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքների միջավայրում։ «Մայլեռ Մաունթին»-ը տարբերվում է նրանով, որ այն ընդհանրապես զրոյական կետից է սկսվում։ Այսինքն՝ ենթակառուցվածքներ չկային, եւ մենք ազատ ենք ընդհանուր առմամբ նախագիծը կյանքի կոչելու այնպես, ինչպես պատկերացրել ենք, որպեսզի ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային համալիր»,- ասաց նա։ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի նախագծումն ու կոնցեպտի մշակումն իրականացրել է կանադական «Էկոսայն» ընկերությունը, որը մասնագիտացած է լեռնադահուկային հանգստավայրերի նախագծման մեջ եւ ունի 40 տարվա փորձ այս ոլորտում։ Հայաստանը լեռնադահուկային քարտեզի վրա Խոսելով այլ նմանատիպ նախագծերի մասին՝ օրինակ՝ «Արագած» նախագիծը, որով նախատեսվում է լեռնադահուկային կենտրոն ստեղծել Արագած լեռան լանջերին, Տիգրան Հարությունյանը նշեց, որ շատ լեռնադահուկային կենտրոններ ունենալը ոչ միայն մրցակցության, այլեւ համագործակցության հնարավորություն է, ինչից ընդհանուր առմամբ շահելու է պետությունը։ Ավստրիայում, օրինակ, 4400 ճոպանուղի կա, եւ լեռնադահուկային տուրիզմը զարգացել է հենց ճոպանուղիների այդպիսի խտության շնորհիվ։ Դա հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին ավելի երկար մնալ երկրում՝ տեղից տեղ տեղափոխվելով։ «Հայաստանն այսօր լեռնադահուկային քարտեզի վրա չկա։ Եթե մենք ունենանք նման մի քանի կենտրոն, ապա հավանական է, որ Հայաստանն էլ հայտնվի այդ քարտեզի վրա։ Մենք այդպիսի շանս ունենք, մենք ունենք հարմար լեռներ, եւ ձյան բավարար քանակություն»,- ընդգծեց Տիգրան Հարությունյանը։[:]