Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը չի բարձրանա. մնացածի համար կարող է դառնալ 200 դրամ[:]

2021-11-10 17:27

Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից սպառողների համար կփոփոխվի ջրի սակագինը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել», - ասաց նա: Գարեգին Բաղրամյանը նշեց, որ հանձնաժողովն արդեն վերջացնում է Ջրային կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկումները համաձայնագրի կնքման համար, որով նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա կտրվածքով վարձավճարների փոփոխություն չի լինի: «Կունենանք շուրջ 200 դրամի մոտ սակագին, միաժամանակ արդեն շրջանառության մեջ է դրվում կառավարության որոշում, որով առաջարկվում է սոցիալապես անապահով սպառողների խումբ առանձնացնել, որոնց համար գինը չի բարձրանա», - նշեց Գարեգին Բաղրամյանը: Նա տեղեկացրեց, որ այս հարցով հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերի վերջին, իսկ սակագնի հնարավոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից: Անդրադառնալով ընկերությունում մոնիթորինգի արդյունքներին՝ ՀԾԿՀ նախագահն ասաց, թե մոնիթորինգի արդյունքներն արդեն ամփոփել են: «Երեկ արձանագրությունն ուղարկվել է ընկերությանը: Շուրջ 2 միլիոն ջրի ծավալի ավելացում կլինի: Մոնթորինգի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ», - ընդգծեց նա: Նշենք, որ ավելի վաղ «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել:[:]