Twitter-Ը Վերագործարկում Է Blue Ստուգանիշը, Օգտատերերը Շուտով Կկարողանան Նաև Երկար Գրառումներ Անել[:]
2022-12-12 18:10
Twitter-ն այսօր վերագործարկում է Blue ստուգանիշը, որի գործարկումը հետաձգվել էր անցած ամիս, երբ օգտատերերը պարզապես վճարել էին բաժանորդագրությունը և այլ անձանց անվան տակ փաստացի կեղծ օգտահաշիվներ բացել։ Twitter-ի օգտատերերը շուտով նաև կկարողանան մինչև 4000 նիշ պարունակող գրառումներ անել, ներկայիսի՝ 280 սիմվոլի փոխարեն։
Twitter Blue ստուգանիշի ամսական բաժանորդագրությունը ներկայում 8 դոլար արժե, սակայն այն կարժենա 11 դոլար այն օգտատերերի համար, որոնք Twitter-ի հավելվածն օգտագործում են Apple-ի սարքերից։
Twitter Blue-ն նաև լրացուցիչ հնարավորություն կունենա՝ խմբագրման կոճակը, որը Twitter-ի օգտատերերը պահանջում են արդեն երկար ժամանակ, թեև շատերը պնդում են, որ այն մեծացնում է ապատեղեկատվության տարածման հնարավորությունը, եթե թվիթերյան գրառումը փոփոխվի լայնորեն տարածվելուց հետո:
Blue-ի բաժանորդներին Twitter-ը նաև ավելի քիչ գովազդ կցուցադրի։ Բացի դրանից նրանք կկարողանան տեղադրել և դիտել ավելի երկար, ավելի որակյալ տեսանյութեր, ասվում է հարթակում:
Նախկինում կապույտ ստուգանիշը տրվում էր հայտնիներին, քաղաքական գործիչներին, ինչը հավաստում էր, որ նրանց օգտահաշիվները կեղծ չեն։ Ընդորում՝ ստուգանիշը տրամադրվում էր անվճար։ Սակայն ստուգանիշն ի վերջո կփոխարինվի կա՛մ ոսկե (բիզնեսի համար) կամ մոխրագույն (մյուսների համար, օրինակ՝ պաշտոնյաների) ստուգանիշներով։
Նոր կանոնների համաձայն՝ եթե օգտատերը փոխի իր անունը, ապա կկորցնի իր ստուգանիշը մինչև Twitter չվերստուգի օգտահաշիվը։