Եվրասիան պետք է դառնա խելացի և բարգավաճ տարածաշրջան[:]

2018-10-03 16:23

Հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում՝ «Մերիդիան» էքսպո-կենտրոնում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում: Համաժողովի խնդիրն է նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ երկրների, BRICS-ի հինգ անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների կառավարությունների ու գործարար համայնքների միջև բազմակողմ և նշանակալից գործարքներ իրականացնելու համար: Համաժողովի աշխատանքները նպատակաուղղված են արդյունավետ այնպիսի լուծումների բացահայտմանը, որոնք խթանում են տարածաշրջանային տնտեսական համախմբումը և ներդրումային հոսքերի ավելացմանը նպաստող բաց նորարարությունների զարգացումը: Համաժողովի չորս հիմնական նպատակներն են՝ . ԵԱՏՄ-ի տնտեսական ներուժի, այդ թվում նաև անդամ պետությունների տնտեսական գործունեության մասին իրազեկության բարձրացումը: . Տարածաշրջանային և ազգային գործարար ու ներդրումային հիմնական հնարավորությունների խթանումը: . Համաժողովը թույլ կտա ընդլայնել և խորացնել երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև կնպաստի ԵԱՏՄ, ԱՊՀ, ՇՀԿ անդամ երկրների գործարար համայնքների միջև բիզնես նախագծերի իրականացմանը: . Երկկողմ և բազմակողմ կապերի հաստատումը բիզնես համայնքների միջև: Համաժողովի կազմակերպիչ, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի խոսքով՝ համաժողովի նպատակն է հաջողությունները զարգացնելու համար Եվրասիան վերածել «խելացի» կառավարվող տարածաշրջանի, մի տարածաշրջանի, որտեղ կկիրառվեն նորարարություններն ու հատուկ մասնագիտացումները: «Համատեղելով Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը, Ղազախստանի բնական պաշարները, Բելառուսի և Ղրղզստանի աշխարհագրական առավելությունները, ինչպես նաև բոլոր մասնակից երկրների մարդկային և մտավոր ռեսուրսները՝ շուտով Եվրասիան կդառնա ոչ միայն «խելացի», այլև բարգավաճ տարածաշրջան»,-երկրորդ համաժողովի ժամանակ ասել է Արա Աբրահամյանը: Համաժողովին նույն սեղանի շուրջ համախմբվում են ներդրողներ, գործարարներ, գիտնական-գյուտարարներ և կառավարության ներկայացուցիչներ՝ բյուրոկրատական գործընթացը նվազեցնելու և առավել համարձակ ու առաջատար նորարարությունների, ներդրումների և համատեղ տնտեսական նախաձեռնությունների համար կանաչ լույս ապահովելու նպատակով: «Մինչև այս համաժողովը Եվրասիական տնտեսական միությունը գոյություն ուներ և գործում էր միջազգային գործարարներից առանձին: Համաժողովը նրանց համար մշտական, ակտիվ և փոխշահավետ համագործակցության սկիզբը կդառնա»,-ասել է Արա Աբրահամյանը: Համաժողովը շարունակում է ձևավորել նոր ապագա Եվրասիայի համար:[:]