Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը կկայանա հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում[:]

2018-09-28 15:48

Հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում՝ «Մերիդիան» էքսպո-կենտրոնում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Այն տարեցտարի դառնում է ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների գործուն հարթակ: Եվրասիական գործընկերության համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2016 թվականին, որին մասնակցել է 37 երկրի ավելի քան 800 մասնակից: 2017 թվականին մասնակցությունն ավելի մեծ է եղել, իսկ այս տարի է՛լ ավելի մեծ թվով հյուրեր են սպասվում: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են՝ կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլն: Երկրորդ համաժողովի շրջանակում տեղի են ունեցել առանձին քննարկումներ բժշկական արդյունաբերություն և Եվրասիական տարածքում արտադրական ինտեգրացիայի, Եվրասիական տարածքում ոսկերչական իրերի արտադրության և սպառման շուկաների ընդլայնման, թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության, արտադրական ինտեգրացիայի և մի շարք այլ հարցրեով: Նշենք, որ համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի կողմից կազմակերպվել են մի շարք փոխադարձ այցելություններ և քննարկումներ՝ նախարարների, փոխնախարարների, շահագրգիռ կորպորացիաների ղեկավարների մասնակցությամբ, որոնց նպատակն է եղել արտադրական և արդյունաբերական կապերի ձևավորումը, եղածների վերականգնումը և Հայաստանում նոր արտադրությունների հիմնումը: Եվրասիական  գործընկերության  միջազգային համաժողովը  կազմակերպվում է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի  բարի  կամքի  դեսպան Արա Աբրահամյանի կողմից:   Vesti.am[:]