Հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել. Կարեն Կարապետյան[:]

2017-11-21 16:53

Որպես ՀՀ վարչապետ` ցանկանում եմ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք այսօր կան Հայաստանում, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի և վեցերորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանն իր ելույթում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Կարծում եմ` այս հարթակում հնարավոր կլինի քննարկել ինչպես խնդիրներ ու մարտահրավերներ, այնպես էլ` հեռանկարներ: Հայաստանը, ԵԱՏՄ անդամ լինելով. այսօր կարող է լավ հարթակ լինել մեր գործընկերների համար և կարող է դիտարկվել ոչ միայն որպես զուտ ներքին հայկական շուկա, այլ` որպես հարթակ մեր հարևան Իրանի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից», - ասաց Կարեն Կարապետյանը` հիշեցնելով, որ առաջիկայում կավարտվեն աշխատանքներն Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ: «Հայաստանն այսօր օգտվում է նաև GSP և GSP+ արտոնյալ համակարգերից, որոնցով աշխատում է ԱՄՆ և ԵՄ հետ: Այնպես որ, ես մտածում եմ` ճիշտ կլինի այսօր քննարկել նաև այս հեռանկարները», - ասաց ՀՀ վարչապետը: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, վարչապետի դիտարկմամբ, բոլոր մակարդակներում արձանագրվում է տնտեսական համագործակցության բարձր ցուցանիշ. «Միևնույն ժամանակ արձանագրում ենք` ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել, ավելին` այն այսօր եղածից շատ ավելի մեծ է: Օրինակ` 37 տոկոսով աճել է զբոսաշրջությունը, այն բանից հետո երբ որոշում կայացվեց, որ ՌԴ քաղաքացիները կարող են ներքին անձնագրերով Հայաստան գալ», - ասաց Կարեն Կարապետյանը` հաջողություն մաղթելով համաժողովների ընթացքին: aysor.am  [:]